ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ
Փիլիսոփա, թարգմանիչ, եկեղեցական գործիչ:
Ծնվ. մոտ 380թ., գ. Կողբ (Այրարատի նահանգի ճակատք գավառ):
Մահ. 450թ.:
Սահակ Ս Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից:
Սովորել է Աշտիշատի դպրոցում, Եդեսիայում և Կ. Պոլսում:
Մասնակցել է Աստվածաշնչի և այլ երկերի թարգմանությանը:
Կյանքի վերջին տարիներին եղել է Բագրևանդի եպիսկոպոսը, մասնակցել 449-ի Արտաշատի ժողովին:
Պահպանվել է նրա «Եղծ աղանդոց» երկը, որը հայ բնափիլիսոփայության և սոցիալ-քաղաքական մտքի արժեքավոր հուշարձան է: Գրվել է 440-ական թթ.:
Բնագիրը պահպանվել է եզակի ընդօրինակմամբ (1280, գրիչ՝ Լուսեր, Մատենադարան, ձեռ. № 1097):
Երկը բաժանված է չորս գլուխների (գրքերի), որտեղ հերքվում են հեթանոսական աղանդները, պարսից կրոնը, հին հունական փիլիսոփայական ուսմունքները, մարկիոնականությունը, հիմնավորվում են քրիստոնեական աշխարհայացքի սկզբունքները: Այն Հայաստանում ծավալվող ազատագրական պայքարի գաղափարախոսական հիմնավորումն է:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑու «Եղծ աղանդոցը» հայ աստվածաբանական-իմաստասիրական մտքի և դասական հայրաբանության կարևորագույն սկզբնաղբյուր է:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑին հիմնականում զբաղվել է գոյաբանության հարցերով, մշակել միաստվածության աստվածաբանական-իմաստասիրական համակարգ:
Ըստ ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑու՝ միակ սուբստանցը Աստվածն է, որը մշտնջենական է, ինքնակա, ամեն ինչի պատճառը: Բնությունը կազմված է Աստծու ստեղծած չորս տարրերից (հուր, օդ, ջուր, հող), օժտված է նյութ, կեցությամբ և գտնվում է շարժման վիճակում, որի աղբյուրը Աստվածն է: Նյութական է այն, ինչ ընկալվում է զգայարաններով: Զգայության համեմատ ճանաչողունն ավելի բարձր աստիճան է բանականությունը: Աստված անճանաչելի է, նրան կարելի է հասնել հավատի միջոցով: Առաջադրելով չարի ու բարու իր ըմբռնումը, ըստ որի, չարիքը մարդու ազատ կամքի արդյունք է՝ նա հակադրվում է զրադաշտականության դուալիզմին, որը չարիքը անխուսափելի ճակատագիր է համարում:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑին առաջադրել է պատմության պարբերացման երեք տարբերակ՝
ա. նախնական կատարելության, անկատարելության, ավարտական կատարելուաթյան շրջաններ,
բ. մանկության, երիտասարդության, չափահասության շրջաններ,
գ. Պատմությունը որպես երևույթի պաշտամունքից էության պաշտամունքն ընթացող գործընթաց:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑու ուսմունքը իր բնույթով մարդակենտրոն է: Մարդու հիմնահարցը նա վերլուծել է կենդանության հասկացության միջոցով՝ կենդանությունը բաժանելով աստվածային (անպարփակ, ստեղծող կենդանություն), մարդկային և կենդանական (բնազդային վարք) տեսակների:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑին հանդես է եկել հունական բազմաստվածության, ստոյիկյան պանթեիզմի,, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատել զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը, ժխտել սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսական հավատալիքները:
ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑու «Եղծ աղանդոցը» առաջին անգամ լույս է տեսել 1762-ին Զմյուռնիայում («Գիրք ընդդիմութեանց »), աշխարհաբար հրատարակվել 1951-ին Բուենոս Այրեսում և 1970-ին՝ Երևանում, թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն:
Երկեր.
Եղծ աղանդոց, Ե., 1994:
Գրակ.
Գաբրիելյաև Հ. Գ., Հայ փիլիսոփայական մտքի պատմություն, հ. 1, Ե., 1956:
Չալոյան Վ.Կ., Հայոց փիլիսոփայության պատմություն, Ե., 1975:
Խրլոպյան Գ. S., Հայ սոցիալական իմաստասիրության պատմություն, Ե., 1978:
• ՀՈԴՎԱԾՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻ ԿԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՐՏԱՏՊԵԼՈՒ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀՂՈՒՄԸ www.anunner.com ԿԱՅՔԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ Է :
• ԵԹԵ ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՍՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԸ ԼՐԱՑՆՈՂ ՀԱՎԱՍՏԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՈՒՂԱՐԿԵԼ ԴՐԱՆՔ info@anunner.com ԷԼ. ՓՈՍՏԻՆ:
• ԵԹԵ ՆԿԱՏԵԼ ԵՔ ՎՐԻՊԱԿ ԿԱՄ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ՄԵԶ` info@anunner.com:
Կիսվել : |